Պատմական ակնարկ
2004 թվականի հունիսի 1-ին ելնելով ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համար պետական լիազորված մարմինների գործունեության համադրման անհրաժեշտությունից ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդը, որն ի պաշտոնե գլխավորում էր ՀՀ վարչապետը: Խորհրդին առընթեր ստեղծվել էր Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողով` ՀՀ Նախագահի օգնականի ղեկավարությամբ:
2009 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Կառավարության N 1272-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը: Այն ուղղված էր կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, նոր ինստիտուցիոնալ կառույցների, օրենսդրական դաշտի կատարելագորմանը:
ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 10-ի N 14 արձանագրայի որոշմամբ ընդունված «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգով նախատեսվել են նոր կառուցակարգային փոփոխություններ, ըստ որի ՀՀ կառավարությունը 2015 թվականի փետրվարի 19-ին ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշումը: Այդ որոշմամբ Խորհրդի կազմում առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Խորհրդի քարտուղարությունն ապահովում է ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը:
Սույն որոշմամբ ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականությունը կենսագործվում է կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի շրջանակներում` հետևյալ կառուցվածքով`
· Կոռուպցիայի դեմ պայքարի խորհորդ` որպես հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը համակարգող ոլորտային ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին:
· Բարձրորակ մասնագետներով համալրված փորձագիտական հանձնախումբ:
Առանձին ոլորտներում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող պատասանատու մարմիններ (նախարարություններ, կառավարությանն առընթեր պետական մարմիններ):