ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԺԱՄԸ 12:00-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ


   Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն  N

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ
ԺԱՄԸ 12:00-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ

     -------------------------------------------------------------------------------------------------------

 

         քաղ. Երևան                                                                

         մասնակցում էին`

      

Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ

 

Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Ռուստամ Բադասյան

 

Ատոմ Ջանջուղազյան

 

Ռուբեն Վարդազարյան

Արդարադատության նախարար

 

 

Ֆինանսների նախարար

 

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

 

Լիլիթ Թադևոսյան

 

Վճռաբեկ դատարանի նախագահ

Արթուր Դավթյան

 

Լիլիթ Մակունց

 

 

Գլխավոր դատախազ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

 

Հայկուհի Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահ

 

Տիգրան Ուլիխանյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

 

Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Սուրեն Ղամբարյան

ՀՀ վարչապետի օգնական

 

 

Սեդրակ Բարսեղյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

 

Արսեն Մանուկյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

Անի Բաբայան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական

 

Սոնա Այվազյան

 «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

 

Դանիել Իոաննիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

 

 

Մարիետտա

Խուրշուդյան

 

«Հայկական հոգեբուժական ասոցիացիա» ՀԿ

Մարիամ

Գալստյան

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ

 

 

 

1.   Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման   2019-2022թթ. միջոցառումների ծրագրով 2020 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույց

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան)

 

1. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը (այսուհետ նաև՝ Նախարար), անդրադառնալով 2019 թ. հոկտեմբերի 3-ին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրով 2020 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքին, մշտադիտարկմանը և գնահատմանը՝ նշեց, որ մշտադիտարկման և գնահատման շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն՝ պարզելու պատասխանատու մարմինների կողմից իրականացված աշխատանքների կատարման ընթացքը և դրանցով փաստացի (ակնկալվող) արդյունքը, շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը, կազմակերպված հանրային քննարկումները և դրանց արդյունքները, ինչպես նաև միջոցառման իրականացման մարտահրավերները: Նշված ուսումնասիրությունն իրականացնելիս հիմք են ընդունվել պատասխանատու մարմինների կողմից ներկայացված կիսամյակային հաշվետվությունները և ինքնագնահատումները, համացանցում առկա, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից մշտադիտարկման շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը: Անդրադառնալով մշտադիտարկման և գնահատման արդյունքներին՝ նախարարը նշեց, որ 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, չիրականացված միջոցառումներ առկա չեն:

 Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրականացված միջոցառումների գործնական արդյունավետության առնչությամբ հարցադրման՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ ինստիտուցիոնալ և օրենսդրական առումով դրական փոփոխություններ են արձանագրվել: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում՝ 2020 թվականին գրանցվել է կոռուպցիայի ընկալման համաթվի զգալի առաջընթաց՝ նախորդ տարվա 42 միավորը հասցնելով 49-ի այն դեպքում, երբ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում էր 4 տարում գրանցել առաջընթաց՝ կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը  35-ից հասցնելով 55 միավորի:

Միջոցառումների գործնական իրականացման շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ, և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

Դիրքորոշում  հայտնեց նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Վերջինս հարց ուղղեց Գլխավոր դատախազությանը՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով  մասնագիտացված ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ: Ի պատասխան նշված հարցադրմանը՝ Ռուստամ Բադասյանը և Արթուր Դավթյանը նշեցին, որ մասնագիտացված դատախազական հսկողություն ապահովելու նպատակով Գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով  վարչությունը արդեն իսկ ձևավորվել է, ներկայումս քննարկվում են այդ ստորաբաժանման ծառայողների բարեվարքության ստուգմանն առնչվող հարցերը:

2. Քննարկվող հարցերի շրջանակներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

 1) հատուկ ուշադրություն հրավիրեց մասնակի կամ մեծամասամբ կատարված միջոցառումների առնչությամբ հետևողական քայլերի իրականացման ուղղությամբ.

2) կարևորեց քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ շարունակական աշխատանքի իրականացման անհրաժեշտությունը.

3) ՀՀ արդարադատության նախարար  Ռուստամ Բադասյանին հանձնարարեց՝ Գլխավոր դատախազության հետ համատեղ իրավական հիմքեր սահմանել՝  դատախազության՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության բոլոր դատախազների բարեվարքության ստուգման վերաբերյալ, քանի որ այդ ստորաբաժանումը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կարևորագույն բաղադրատարրերից է, ուստի, մոտեցումները պետք է համահունչ լինեն Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան կարգավորումներին:

 

2.  Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթի և վերջինիս գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերի ներկայացում.

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան)

 

1. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը և վերջինիս գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը, նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը բխում է Կառավարության գործունեության ծրագրի և Ռազմավարության պահանջները կատարելու անհրաժեշտությունից: Նախարարը նաև հավելեց, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու  կարգը և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Նախարարը նաև նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, այդ թվում՝ իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Նախարարը ներկայացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության և նշանակման կարգը, ներքին բարեվարքության ապահովման, շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև՝ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովման և տեխնիկական հագեցվածության հարցերը: Նախարարը միաժամանակ հավելեց, որ քննարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեն Հատուկ քննչական ծառայության հենքի վրա ստեղծելու տարբերակը:

2. Նախարարը, անդրադառնալով  Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ առաջացող մարտահրավերներին, նշեց, որ դրանք հիմնականում կապված են գործերի փոխանցման, այլ մարմիններից հաստիքների կրճատման ու Կոմիտեին փոխանցման, վարձատրության հարցերի,  շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության ապահովման հետ:

             Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության սահմանման վերաբերյալ Նախարարը նշեց, որ Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել են այլ քննչական մարմինների քննիչների համար ներկայումս օրենքով սահմանված դրույքաչափերի համեմատությամբ բարձր դրույքաչափեր: Նախարարը նաև հավելեց, որ քննարկումների ընթացքում ձևավորվել են նոր  մոտեցումներ, որոնք առավել մանրամասն կներկայացվեն մինչև  Նախագծերի փաթեթի 2-րդ ընթերցումը:

Գործերի փոխանցման կապակցությամբ Նախարարն առանձնացրեց 2 խումբ մարտահրավերներ.

·         Առաջինը վերաբերում է կոռուպցիոն հանցագործությունների գործերը միանգամից նորաստեղծ մարմնին փոխանցելուն և այն ծանրաբեռնելուն այն դեպքում, երբ Հակակոռուպցիոն քննիչների հաստիքները դեռ ամբողջությամբ համալրված չեն: Նշվածի համատեքստում Նախարարը միաժամանակ կարևորեց այլ իրավապահ մարմիններում ծանրաբեռնվածության հավասարակշռման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այդ մարմիններում հաստիքների կրճատման հանգամանքը:

·         Երկրորդ խնդիրը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի հեղինակության ռիսկերին: Այսպես, նորաստեղծ մասնագիտացված մարմնից հանրությունը նոր ակնկալիքներ ունի, մինչդեռ կարող են լինել իրավիճակներ, երբ ոչ պատշաճ քննված գործերը փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին այն փուլում, երբ դա հնարավոր չլինի շտկել կամ քննությունը ճիշտ ուղղությամբ տանել, որպիսի պայմաններում ստացվում է, որ այդ գործի չբացահայտման բացասական արձագանքները կուղղվեն Հակակոռուպցիոն կոմիտեի վրա: Նշված խնդիրների լուծման նպատակով նախատեսվել է տարբերակ, համաձայն որի՝ մինչև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը այլ քննչական մարմիններում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերը (նյութերը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և կոմիտեին փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեի  նախագահի համաձայնությամբ: Նման պայմաններում բանավոր համաձայնությունների արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել գործերի ճիշտ փոխանցումը:

Գլխավոր դատախազը մտահոգություններ հայտնեց գործերի փոխանցման նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, քանի որ լավագույն մասնագետները կգնան Հակակոռուպցիոն կոմիտե, որպիսի պայմաններում, ըստ Գլխավոր դատախազի, լուրջ հնչեղություն ունեցող քրեական գործերի քննությունը կտուժի, ուստի առաջարկեց գործերի փոխանցման չափանիշներ սահմանել:

Դանիել Իոաննիսյանը ևս արտահայտվեց՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հեղինակության  պահպանումը կարևոր է, քանի որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեն ստանա ոչ պատշաճ քննված գործեր և այդ գործերը տապալվեն, հասարակության մոտ կարող է ձևավորվել անվստահություն Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայության՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում ներառելու հանգամանքը հաշվի առնելով՝ Դանիել Իոաննիսյանն առաջարկեց Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահել նաև Հատուկ քննչական ծառայության կողմից քննվող՝ իրավապահ մարմինների աշխատակիցների ոչ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների (հատկապես խոշտանգումների գործերի) քննությունը, քանի որ Քննչական կոմիտեին այդ գործերի քննության վերապահումը նպատակահարմար չէ:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկի իրացման պայմաններում իմաստազրկվում է նախատեսվող բարեփոխման էությունը: Միաժամանակ հավելեց, որ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ(CPT)) առաջարկություններից է նաև խոշտանգումների գործերի վերապահումը օպերատիվ ստորաբաժանում ունեցող մարմնին, ուստի ներկայումս քննարկվում է նման մարմիններից մեկին տվյալ լիազորության վերապահման հարցը:

Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեցին նաև առաքինության ինստիտուտին (կաշառքի պրովոկացիա) առնչվող հարցերին, հնչեցին տեսակետներ այդ ինստիտուտը նաև այլ մարմիններում տարածելու վերաբերյալ, սակայն հաշվի առնելով բազմաթիվ ռիսկերը՝ ընդհանուր մոտեցում ձևավորվեց ձեռնպահ մնալ այլ մարմիններում այս գործիքը կիրառելուց:

Ամփոփելով հարցի քննարկումը՝ Վարչապետը.

1) Կարևորեց հակակոռուպցիոն մարմինների անձնակազմի ներքին բարեվարքության ստուգման մեխանիզմների պարտադիր ներդրումը՝ դա համարելով նոր չափանիշներով ստեղծվող համակարգի գործունեության առաջնահերթություն:

2) Նշեց, որ գործերի փոխանցման առնչությամբ հավասարակշռված մոտեցում է գործերը փոխանցել՝ Գլխավոր դատախազի և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի  քննարկումների արդյունքում:

 

3.    Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթի և վերջիններիս գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերի ներկայացում.

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան)

 

1. Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթի և վերջիններիս գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցին, նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը՝ ըստ այդմ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նախարարը նաև հավելեց, որ Նախագծերի փաթեթը ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Նախարարը միաժամանակ նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում էր, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններից 20-ը քննելու են կոռուպցիոն հանցագործությունների գործերը՝ միաժամանակ հսկողություն իրականացնելով մինչդատական վարույթի նկատմամբ, իսկ 5 դատավորներ քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրենսդրական փոփոխություններով արդեն իսկ կարգավորվել է քրեական գործերով մինչդատական վարույթի նկատամամբ հսկողություն իրականացնող դատավորների հարցը, նախատեսվում է կրճատել վերոնշյալ 20 դատավորների թիվը: Վերաքննիչ դատարանում ապահովվելու է 4 կազմի տարբերակը՝ կազմի կանխատեսելիության ռիսկերը նվազեցնելու նպատակով: Նախարարը նաև հավելեց, որ միաժամանակ, նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվի ավելացում:

Անդրադառնալով շենքային պայմաններին՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ շինարարական աշխատանքները շարունակվում են, չնայած կան որոշ մարտահրավերներ՝ հակակոռուպցիոն դատարանների միաժամանակյա գործունեության ապահովան տեսանկյունից, քանի որ հակակոռուպցիոն վերաքննիչ դատավորների նստավայրի համար նախատեսված տարածքի հատկացման հարցը ներկայումս քննարկման փուլում է այն դեպքում, երբ հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:

Ռուստամ Բադասյանը նաև ներկայացրեց հակակոռուպցիոն մասնագիտացված դատավորներին գործերի փոխանցման հարցերը: Ըստ Նախարարի՝ այս պարագայում ռիսկերն ավելի մեծ են, քանի որ փոխանցվելու դեպքում գործերի դատական քննությունը վերսկսվում է: Ուստի, ներկայումս քննարկումներ են ընթանում՝ առավել անցնցում տարբերակ նախատեսելու նպատակով:

2. Քննարկման շրջանակներում Վարչապետը հետաքրքրվեց, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ:

Գլխավոր դատախազը նշեց, որ 4 գործ գտնվում է ավարտական փուլում և նախատեսվում է առաջիկայում հայց ներկայացնել դատարան: Վերոնշյալի համատեքստում Արթուր Դավթյանը կարևորեց մասնագիտացված դատավորների կողմից գործերի քննության անհրաժեշտությունը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, կարևորելով մասնագիտացված դատավորներ ունենալու անհրաժեշտությունը, նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սկսվել է դատավորների մասնագիտացման գործընթացը, ովքեր էլ պետք է զբաղվեն այդ գործերի քննությամբ:

Նիստում մասնակիցները դիրքորոշում հայտնեցին, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը:

Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց նաև դատավորների վարձատրության հարցին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ընդգծելով մասնագիտացված դատարաններ ունենալու անհրաժեշտությունը, ընդգծեց բոլոր մասնագիտացված դատավորների համար վարձատրության միասնական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը և տարբերակված մոտեցման անթույլատրելիությունը: Միաժամանակ Լ.Թադևոսյանն ընդգծեց հակակոռուպցիոն դատարանների դատավորների բարձր վարձատրության պայմաններում` դատավորների վարձատրությանգործող կարգից շեղվելու փաստը:

Վերոնշյալի համատեքստում Ռուստամ Բադասյանը նշեց, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատավորների վարձատրության բարձր լինելը պայմանավորված է ոչ թե մասնագիտացման հանգամանքով, այլ՝ ելնելով առավել խոցելի լինելու և կոռուպցիայի տեսանկյունից առավել ռիսկային լինելու հանգամանքներից:  Նախարարը հավելեց, որ նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ նշելով, որ կողմ է դատավորի՝ առավել խոցելի լինելու բարձր հավանականության պայմաններում աշխատավարձերի դրույքաչափերի տարբերություններին:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատավորների՝ այլ դատավորների համեմատությամբ բարձր վարձատրություն սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ դատավորներին պահպանելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցագործությունների գործերով պաշտպանյալների փաստաբանները հիմնականում բարձր վարձատրվող մասնագետներ են:

Ամփոփելով հարցի քննարկումը, Վարչապետը կարևորեց՝

1)     հակակոռուպցիոն մասնագիտացված դատավորների՝ մյուս դատավորների համեմատությամբ առավել բարձր վարձատրություն սահմանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով վերջիններիս առավել խոցելի լինելու և քննվող գործերի բնույթով պայմանավորված՝ կոռուպցիոն առավել մեծ ռիսկերի առկայությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ կազմ ունենալու անհրաժեշտությունը,

2)    հետագա փուլերում մյուս դատավորների վարձատրության վերանայման անհրաժեշտությունը՝ միաժամանակ հաշվի առնելով մասնագիտացված հակակոռուպցիոն դատավորների բարձր վարձատրության արդյունավետությունը:

 

4.  Իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի ներկայացում.

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան)

 

1. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը ներկայացնելիս նշեց, որ  նախատեսվում է առկա օրենսդրությամբ զուգահեռաբար գործող երկու (իրական շահառուների և իրական սեփականատերերի բացահայտման) համարժեք ինստիտուտների փոխարեն ստեղծել մեկ միասնական ինստիտուտ, որը կգործի ՀՀ տարածքում գրանցում ստացած բոլոր իրավաբանական անձանց համար։ Օրենսդրական փաթեթը միտված է իրական սեփականատերերի բացահայտելիության բարձրացմանը՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով, որը լինելու է հրապարակային (բացառությամբ անձնագրային տվյալների): Բացահայտման պարտականությունը նախատեսվում է տարածել իրավաբանական անձանց վրա երկու փուլով՝ առաջնահերթություն տալով ընտրված կարգավորվող (լիցենզավորվող) ոլորտներում գործող, ինչպես նաև՝ պետական գնումների գործընթացին մասնակցող ընկերություններին։ Նախարարը նաև հավելեց, որ օրենսդրական փաթեթով՝

·   նախատեսվում է բարելավել Պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված տվյալների ստուգման մեխանիզմները,

·   սահմանել իրավաբանական անձին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացումից մասնակի ազատելու դեպքերը,

·  նախատեսել իրավաբանական անձի պարտականությունն առնվազն տարին մեկ անգամ իրականացնելու պատշաճ ուսումնասիրություն իր իրական շահառուներին բացահայտելու նպատակով՝ փաստաթղթավորելով գործընթացը,

·  նախատեսել վարչական և քրեական պատասխանատվություն իրական շահառուների բացահայտման օրենսդրությունը խախտելու համար, ինչը կիրառելի կլինի անկախ իրավաբանական անձի գործունեության ոլորտից։

Նախարարը իր ելույթի վերջում նշեց, որ նախագծերի փաթեթի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության 2020թ. հունիսի 12-ի առաջարկները։  Նախարարը նաև ընդգծեց, որ ակնկալվում է՝ հակակոռուպցիոն համակարգի մարմինների լիակատար ձևավորմանը զուգահեռ գործընթացի արդյունավետությունը կբարձրանա, իսկ տվյալների հրապարակայնությունը հնարավորություն կտա քաղաքացիական հասարակությանը հետաքննություն նախաձեռնել:

2. Քննարկման շրջանակներում Դանիել Իոաննիսյանը և Վարչապետը հետաքրքրվեցին՝ արդյոք  իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմները տարածվելու են նաև լրատվամիջոցների վրա:

Ի պատասխան հարցադրման՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմները նախատեսված են բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ լրատվամիջոցների համար:

Կարծիք հայտնեց և հարցեր հնչեցրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Մասնավորապես, Սոնա Այվազյանը հարցրեց՝ իրական սեփականատերերի բազայի անվճար հանրային հասանելիության հնարավորությունների վերաբերյալ, որին

ի պատասխան Ռուստամ Բադասյանը նշեց, որ բազան ունենալու է հանրային հասանելիություն (բացառությամբ՝ անձնագրային տվյալների), լինելու է անվճար:

Այնուհետև Սոնա Այվազյանը հարցրեց ՏՀԶԿ գլոբալ ֆորումին Հայաստանին միանալու և դրա շրջանակներում հարկատուների գլոբալ բազա ունենալու հնարավորությունների մասին, ինչը իրական սեփականատերերի բացահայտման հնարավորություններ կստեղծեր:

Նշված հարցադրմանն ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ այդ ֆորումին մասնակցելու նպատակը հարկային մարմինների միջև որոշակի միասնականացված չափորոշիչներով տեղեկատվության փոխանակման հնարավորությունների նախատեսումն է, ինչպես նաև՝ շահույթի փախուստի հնարավորությունները նվազագույնին հասցնելը: Այդ տեղեկատվությունը հանրամատչելի դարձնելու հնարավորություններ նախատեսված չեն ֆորումի շրջանակներում:

Քննարկման շրջանակներում հնչեց առաջարկ իրական սեփականատերերի վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը առավել ընդլայնելու վերաբերյալ, որին ի պատասխան Ռուստամ Բադասյանն ասաց, որ վերոնշյալ առաջարկը կքննարկվի անձնական տվյալների հրապարակման թույլատրելիության սահմաններում:

 

5.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ընթացիկ հաշվետվության ներկայացում.

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Հայկուհի Հարությունյան, Նիկոլ Փաշինյան)

 

1. Հայկուհի Հարությունյանը, ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) գործունեության ընթացիկ հաշվետվությունը, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԿԿՀ-ն իրականացրել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել՝ ԿԿՀ անդամների ձայների հավասար բաշխվածության պատճառով և, ըստ այդմ՝ որոշում չկայացվելու պատճառով: Հայկուհի Հարությունյանը նաև նշեց, որ պատրաստվում են առաջարկություններ ներկայացնել՝ բարեվարքության ստուգման ենթակա պաշտոնների ցանկը ընդլայնելու նպատակով: Բացի այդ, նախատեսվում է առաջարկել արդեն իսկ պաշտոնի նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ եզրակացության հրապարակման հարցը քննարկել, որպեսզի արդյունքները հրապարակվեն առնվազն քաղվածքի տեսքով: Հայկուհի Հարությունյանը նաև հավելեց, որ շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատությամբ 3 անգամ աճել է հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը՝ 3200-ից հասնելով 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը հասել է շուրջ 27000-30000: ԿԿՀ-ն իրականացրել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրեր: Վերլուծության արդյունքներով ԿԿՀ-ն հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել: ԿԿՀ նախագահը նաև նշեց, որ ԿԿՀ-ն ուսումնասիրություններ է իրականացնում առևտրային կազմակերպություններում պաշտոնատար անձանց մասնակցությունը պարզելու և ըստ այդմ՝ այդ տեսանկյունից անհամատեղելիության հարցերը պարզելու նպատակով: Նշված ուսումնասիրությունը սկսելու համար հիմք է հանդիսացել պատգամավորի անհամատեղելիության վերաբերյալ ԿԿՀ ուսումնասիրությունը, որից հետո պարզ դարձավ՝ անհրաժեշտ է համակարգային ուսումնասիրություն իրականացրել, որի արդյունքում բացահայտվել են նմանատիպ 230 դեպքեր: Ընդ որում, ուսումնասիրության շրջանակներում առավել ռիսկային են պետական գնումների ոլորտը, մասնավորապես մեկ անձից գնումները՝ հիմք ընդունելով Համաշխարհային բանկի համապատասխան ուսումնասիրությունը:

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նաև հավելեց, որ հայտարարվել է նոր էլեկտրոնային համակարգի համար մրցույթ, որը ծառայելու է որպես թվային գործիք կոռուպցիայի դեմ պայքարում՝ հնարավորություն տալով էլեկտրոնային եղանակով հայտնաբերելու խնդրահարույց հայտարարագրերը: Բացի այդ, միջազգային փորձագետների աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում մշակվել է պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման հիբրիդ մեթոդաբանություն, ինչը ենթադրում է ռիսկերի գնահատում՝ հաշվի առնելով ինչպես ԿԿՀ և համապատասխան մարմինների դիրքորոշումը, այնպես էլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ համապատասխան հանրային ծառայություններից օգտվող անձանց դիրքորոշումները: Գնահատման համար տվյալ պահին որպես առավել ռիսկային են ընտրվել հետևյալ ոլորտները՝ (1) պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում, (2) պետական բյուջեի կառավարում և (3) պետական գնումներ: Գործընթացն առաջիկայում կմեկնարկի: ԿԿՀ նախագահը նաև հավելեց, որ վերոնշյալի համատեքստում նախատեսվում է գերատեսչությունների հետ քննարկել իրենց ոլորտների առանձնահատկություններից բխող կոռուպցիոն ռիսկերը:

ԿԿՀ նախագահը իր ելույթի շրջանակներում նաև անդրադարձավ ԿԿՀ-ի համալրման խնդիրներին, ԿԿՀ-ի բյուջեին առնչվող հարցերին:

2. Քննարկման շրջանակներում արտահայտվեցին  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանն առաջարկեց օրենսդրական փոփոխություններ կատարել, որով գործող ընթացակարգերը պարզեցնելու նպատակով ԿԿՀ-ն կլիազորվի իր եզրակացության հիման վրա դիմելու Սահմանադրական դատարան՝ պատգամավորների կողմից անհամատեղելիության պահանջների խախտման դեպքերում:

·               ԿԿՀ նախագահն առաջարկեց պահպանել գործող զսպումների և հակակշիռների համակարգը՝ առկա խնդիրների լուծման համար առաջարկելով հրապարակային դարձնել ԱԺ խորհրդի այն նիստերը, որոնց շրջանակներում կքննարկվեն պատգամավորների կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները:

Վարչապետը հանձարարեց`

1)       Արսեն Թորոսյանին ԿԿՀ բյուջեին առնչվող հարցերով առանձին քննարկում կազմակերպել:

2)      Քննարկման առարկա դարձնել և համաձայնության գալ ԱԺ խորհրդի այն նիստերի հրապարակայնության հարցերի շուրջ, որոնց ընթացքում քննարկվում են պատգամավորների կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները:

3)      Հանրային կառավարման բարեփոխումների փաթեթի շրջանակներում քննարկել քաղաքացիական ծառայության մրցույթների անցկացմանն առնչվող կարգավորումների բարելավման, փոփոխման հարցերը:

 

6.     Պետական գնումների համակարգի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փաթեթի և պետական գնումների համակարգի բարելավմանն ուղղված քայլերի ներկայացում.

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան)

 

1. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պետական գնումների համակարգի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փաթեթի և պետական գնումների համակարգի բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ հարցը, նշեց, որ  պետական գնումների համակարգի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փաթեթի նպատակն է գնումների բողոքարկման համակարգի վերափոխումը՝ հաշվի առնելով նաև ԱՀԿ պետական գնումների համաձայնագրով և ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների պահանջները, ինչպես նաև՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաշվին գնումները ազգային ռեժիմով իրականացնելու պարագայում՝ գործընթացները միասնական կանոններով կառավարելու հնարավորության ստեղծումը: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ գնումների համակարգի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փաթեթով առաջարկվում է՝

·               բողոքարկումն իրականացնել միայն դատական կարգով՝ բողոք ներկայացնելու հնարավորություն ընձեռելով միայն այն անձանց, ովքեր յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բողոքով կհիմնավորեն իրենց իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտման հանգամանքի առկայությունը.

·                     բողոքների քննման ընդդատությունը վերապահել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին: Արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաշվին գնումները ազգային ռեժիմով իրականացնելու հարցի կապակցությամբ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկվող կարգավորումներով սահմանվում են դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով գնումներն ազգային ընթացակարգով իրականացնելու իրավահարաբերությունները:

2. Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ Նախագծերով դատարանների ծանրաբեռնվածությունը էականորեն կավելանա, բացի այդ՝ դատական բողոքարկման շրջանակներում հայցի ապահովման մեխանիզմների կիրառումն էլ իր հերթին կծանրաբեռնի դատական համակարգը: Ուստի, առաջարկեց ստեղծել ինքնավար մարմին՝ վերգերատեսչական միասնական հանձնաժողով, որը կքննի ոչ միայն գնման ընթացակարգերի վերաբերյալ բողոքների, այլև՝ պետական մարմինների գործունեության վերաբերյալ բողոքները:

Վերոնշյալի համատեսքտում Սոնա Այվազյանը նշեց, որ գնումների բողոքարկման գործող արտադատական մեխանիզմի անարդյունավետ լինելու պատճառը բողոքարման մարմնի անկախության բացակայությունն է, ուստի անհրաժեշտ է ոչ թե վերացնել գնումների բողոքարկման արտադատական ընթացակարգը, այլ վերանայել արտադատական համակարգի մոդելը՝ ապահովելով ընտրված մոդելի անկախությունը: Որպես օրինակ, Սոնա Այվազյանը առաջարկեց կիրառել Ուկրաինայի մոդելը, մրցակցության պաշտպանության մարմնին են վերապահված գնումների բողոքարկման արտադատական քննարկման գործառույթները, ուստի առաջարկեց Հայատանի Հանրապետությունում այդ գործառույթները վերապահել, օրինակ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Հայկուհի Հարությունյանն առաջարկեց Նախագծերի փաթեթով սահմանված գնումների բողոքարկման մոդելի փոփոխության վերաբերյալ առանձին քննարկում կազմակերպել, քանի որ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները չեն լուծում այն խնդիրները, որոնք արձանագրվել են գնման ընթացակարգերի շրջանակում:

Վարչապետը հանձնարարեց՝

1)       Մհեր Գրիգորյանին քննարկում անցկացնել գնումների ոլորտի կարգավորումների բարելավման վերաբերյալ:

 

 

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ