ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի առաջին համապատասխանության զեկույցը

օգոստոսի 10, 2026

   Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի առաջին համապատասխանության զեկույցը: 2026 թվականի հունիսի 8-ից 12-ը ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստին հաստատված զեկույցը գնահատում է վերջին երկու տարիների ընթացքում գործադիր իշխանության մարմիններում (գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձանց հստակ շրջանակի վերաբերյալ) և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ու բարեվարքության խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները և  գրանցված առաջընթացը:

     Հայաստանին ներկայացված քսաներկու հանձնարարականից վեցը ԳՐԵԿՈ-ի կողմից գնահատվել է բավարար կատարված, տասնհինգ հանձնարարական՝ մասնակի կատարված, մեկ հանձնարարական՝ չկատարված։ Զեկույցում արձանագրվել է, որ Հայաստանը պատշաճ ուշադրություն է դարձրել բոլոր հանձնարարականներին և դրական քայլեր ձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ։ 

    Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ն ողջունել է գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձանց նշանակման գործընթացում բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրումը, արարողակարգային ծախսերի հետ կապված գնումների գործընթացների թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը, քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը, լոբբիստական գործունեության կարգավորման ոլորտում իրականացվող բարեփոխումները, գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձանց շրջանում շահերի բախման կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը՝ համապատասխան մարդկային ռեսուրսների ապահովման միջոցով։

  ԳՐԵԿՈ-ն խրախուսել է Հայաստանին շարունակել իրականացվող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ նախատեսված միջոցառումների շարունակական իրականացումը կնպաստի Հայաստանի հակակոռուպցիոն համակարգի հետագա ամրապնդմանը։

       Զեկույցով ամրագրված առաջընթացը վկայում է ԳՐԵԿՈ-ի գնահատման և մշտադիտարկման մեխանիզմներում Հայաստանի շարունակական ներգրավվածության մասին և վերահաստատում երկրի հանձնառությունը՝ կատարելագործելու կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդման և հանրային վստահության բարձրացմանն ուղղված բարեփոխումները։