Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտավորությունների իրականացումն ապահովում է 2009 թվականին ընդունված վերանայման մեխանիզմի միջոցով (3/1 բանաձև, Դոհա)։ Բանաձևի կիրարկման արդյունքում 2010 թվականից մեկնարկել է Կոնվենցիայի կիրարկման վերանայման գործընթացը՝ հնգամյա շրջափուլերից բաղկացած, որի նպատակն է շարունակական հիմունքներով վերահսկել Կոնվենցիան վավերացրած պետություննների կողմից կոնվենցիոն պարտավորությունների կատարումը և միևնույն ժամանակ մասնագիտական աջակցություն տրամադրել վերջիններիս Կոնվենցիայի պահանջների կատարման հարցում։
Վերանայումը հիմնված է ինքնագնահատման վրա, որը կարող է լրամշակվել, ընդլայնվել կամ հստակեցվել վերանայում իրականացնող պետությունների հետ երկխոսության ընթացքում։ Գնահատումն իրականացվում է Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից, որոնք ընտրվում են վիճակահանությամբ՝ պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր մասնակից պետություն առաջադրում է մինչև 15 անձ՝ որպես կառավարական փորձագետներ։
Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն առաջին և երկրորդ վերանայման շրջափուլերի շրջանակում պարտադիր հրապարակում է իր վերանայման զեկույցները, ամփոփ տեղեկագրերը դրանց համար առանձնացված հատուկ բաժնում (UNCAC Country Profiles)։
Կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովը (Conference of State Parties) Կոնվենցիայի հիմնական որոշումներ կայացնող մարմինն է։ Այն աջակցում է Կոնվենցիային միացած պետություններին Կոնվեցիայի կիրարկման գործընթացում, ինչպես նաև տրամադրում է քաղաքական ուղեցույցներ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակին (UNODC)՝ հակակոռուպցիոն գործունեության մշակման և իրականացման նպատակով։
Կոնվենցիայի կիրարկման վերանայման խումբը (Implementation Review Group) Կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի ենթակառուցվածքային մարմինն է։
Կիրարկման վերանայման խմբի գործառույթն է վերանայման գործընթացին հետևելը՝ նպատակ ունենալով բացահայտել առկա խնդիրներն ու լավագույն փորձը, ինչպես նաև դիտարկել տեխնիկական աջակցության կարիքները՝ ապահովելու Կոնվենցիայի արդյունավետ իրականացումը։
