Մշակվել է «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման և կուսակցությունների ֆինանսավորման» ուղեցույցը։
մայիսի 13, 2026
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ՝ Արդարադատության նախարարության և Վարչապետի աշխատակազմի համակարգմամբ մշակվել և հրապարակվել է «Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելումը և կուսակցությունների ֆինանսավորումն ընտրական գործընթացներում» վերտառությամբ ուղեցույցը: Ուղեցույցի մշակումը և հրապարակումը հնարավոր է դարձել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» և Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում» ծրագրերի շրջանակում։
Ուղեցույցը նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար և միտված է վերջիններիս շրջանում բարձրացնելու ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման և կուսակցությունների ֆինանսավորման կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: